Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2024 թ․ առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին նախարարության 2025-2027 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի (պարտադիր և շարունակական հայեցողական ծախսերի մասով), ինչպես նաև բյուջետային նոր նախաձեռնությունների ներկայացումը խորհրդի անդամներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ-ից:
Նախարար Մկրտչյանն ընդգծել է ոլորտում գործունեություն ծավալող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների կարևորությունը և նշել, որ նմանօրինակ հանդիպումները ևս կարող են իրենց ազդեցությունն ունենալ ոլորտային բարեփոխումների գործընթացում։
Նախարարության կողմից մշակվող նոր նախաձեռնությունների ու ոլորտային փոփոխությունների մասին խոսել են նաև նախարարի տեղակալները։ Վերջիններս ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում սահմանված առաջնահերթությունները՝ անդրադառնալով հավասար հնարավորությունների ապահովման, սոցիալական աջակցության, ժողովրդագրության ու կենսաթոշակային ապահովության, ինչպես նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտներում նախատեսվող աշխատանքներին։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվելիք բարեփոխումները։ Վերջինս մանրամասնել է հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի ոլորտում սահմանված գերակայությունները՝ կարևորելով նաև անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, աջակցող միջոցների տրամադրման, խնամքի ծառայությունների պատվիրակման գործընթացների և մի շարք այլ ուղղություններով անելիքները։
Սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվող բարեփոխումների, մասնավորապես՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում իրականացվելիք փոփոխությունների մասին է խոսել նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, անդրադառնալով ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթություններին, նշել է, որ մշակվող ռազմավարությամբ նախատեսվում է մի շարք միջոցառումներ իրականացնել առաջիկայում։ Նախարարի տեղակալը նաև խոսել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրերի ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին, նաև մանրամասներ հաղորդել կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին։
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում, մասնավորապես՝ զբաղվածության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի ու անելիքների մասին է խոսել նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Վերջինս մանրամասնել է նաև զբաղվածության ծրագրերի իրականացման, ինչպես նաև սոցիալական փաթեթի շրջանակի ընդլայնման ուղղությամբ հետագա աշխատանքների մասին։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։