Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ:
«Մաղթում եմ Ձեզ նորանոր մեծ ձեռքբերումներ ադրբեջանցի ժողովրդի անվտանգության, տնտեսական զարգացման և բարեկեցության ապահովման գործում: Վստահ եմ, որ Ձեր վերընտրվելը կնպաստի երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը և Ուկրաինա-Ադրբեջան համագործակցությունը դուրս կբերի նոր դինամիկ մակարդակի:
Ուկրաինայի և Ադրբեջանի փոխադարձ աջակցությունը երկու պետությունների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում չափազանց կարևոր է։ Ադրբեջանի Հանրապետության համերաշխությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում այսօր, երբ ուկրաինացի ժողովուրդը պաշտպանում է իր ազատությունը Ռուսաստանի դեմ պայքարում։
Մենք շնորհակալ ենք մարդասիրական օգնության, Ռուսաստանի հետ պատերազմից տուժած քաղաքների ենթակառուցվածքների վերականգնմանը և ազատագրված տարածքների ականազերծմանը մասնակցության համար»,- նշված է Զելենսկու ուղերձում:
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը կմասնակցի Ուկրաինայի խաղաղության բանաձևի իրագործմանը, և Ալիևը ներկա կլինի Շվեյցարիայում կայանալիք խաղաղության առաջին գագաթնաժողովին: