Հայաստանում մի շարք հաստատություններ բարձրագույն բժշկական կրթություն են մատուցում: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում է բարձրագույն ավարտական քննությունների կարգին և դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննություններ. «Բժշկական կրթության ավարտական քննությունների անցկացման կարգի, մեթոդաբանության և պատշաճ վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցերի վերաբերյալ» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ գործադիր մարմնի, բժշկական բուհերի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննություններին պետք է մասնակցեն բժշկական հաստատությունների բոլոր ուսանողները: Ակնկալվում է, որ միասնական ավարտական քննությունների արդյունքում տեսանելի կդառնա տարբեր բժշկական հաստատությունների կողմից մատուցված կրթության որակը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեռևս 2 տարի առաջ է այս հարցը բարձրացվել, ընդգծվել հարցի արդիականությունն ու կարևորությունը տարբեր տեսանկյուններից: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում առաջարկվել է անցկացնել միասնական քննություն` ամփոփիչ ատեստավորման եռափուլերից առնվազն մեկում: Այսինքն` մարդկային գործոնը բացառելու համար այդ եռափուլերից առնվազն մեկն անցկացվի միասնական կերպով` պետական վերահսկողությամբ: «Այդ նույն օրը բուհերի բոլոր շրջանավարտները քննությունը կհանձնեն նույն տարբերակով, որը կկազմվի նույն օրը` հանձնաժողովի ներկայությամբ»,- պարզաբանել է բուհի ներկայացուցիչը: Հարցը մանրամասն քննարկվել է բժշկական մյուս` ոչ պետական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել առաջարկին: Նախատեսվում է, որ միասնական քննության փուլը հաջողությամբ հաղթահարած անձինք կկարողանան այդ արդյունքով դիմել օրդինատուրա:
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանն էլ հայտնել է, որ հարցը դեռևս 2021-2022 թվականներին է եղել նախարարության ուշադրության կենտրոնում, սակայն այն որոշ օբյեկտիվ պատճառներով ընդմիջվել է: Ողջունելի համարելով առաջարկը: Լուսինե Գրիգորյանը նշել է` կրթության որակի համար պատրաստ են շրջադարձային և հեղափոխական քայլ անել: «Ոչ թե դեմ ենք, այլ ուզում ենք դա արագացնել, եթե հնարավոր է»,- շեշտել է նա:
Հարցի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դրական կարծիքը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է` առաջարկվող փոփոխությունը նպատակ չունի կասկածի տակ դնելու բժշկական կրթություն տվող որևէ բուհի կրթությունը: Պարզապես, ըստ նրա, պետությունը պետք է վերահսկի այն, քանի որ տալիս է պետական նմուշի դիպլոմ:
Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանի պետական և մասնավոր բուհերում կրթություն են ստանում ոչ միայն տեղացի, այլև բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ, որոնք ստացած գիտելիքներով վերադառնում են իրենց երկրներ:
Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները: Նախատեսվում է, որ բժշկական կրթություն տվող հաստատությունների ուսանողների միասնական ավարտական քննությունը գործողության մեջ կդրվի 2024-2025 թվականների ուսումնական տարվա ավարտին: