Հայաստան ձեր այցն աննախադեպ է հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ողջունելով Դանիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը` ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Մարտի 7-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները:
«Հայաստանը բավականին դժվարին ճանապարհով է անցնում վերջին ժամանակահատվածում: Եվ այս ճանապարհին մենք ընկերների կարիք ունենք. վստահ եմ, որ Դանիան Հայաստանի բարեկամ երկիրն է»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:
Խոսելով երկկողմ կապերից՝ հանձնաժողովի նախագահը փաստել է, որ երկու երկրների միջև և հատկապես միջխորհրդարանական հարաբերություններում կա չիրացված ներուժ:
Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցի նպատակն է ամրապնդել թե՛ Դանիայի և թե՛ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները:
«Դանիան և Հայաստանը փոքր երկրներ են, և մենք հասկանում ենք դաշնակիցներ ունենալու կարևորությունը»,- ընդգծել է հյուրը:
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են 2020 թվականի պատերազմից հետո մեր երկրում ստեղծված անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին:
Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին՝ Ազգային ժողովի պատգամավորներն այս համատեքստում բարձր են գնահատել Դանիայի աջակցությունը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:
Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցում կարևորվել է երկու խորհրդարանականների իրավասու հանձնաժողովների միջև համագործակցությունը: