Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին ԵՄ գործուն աջակցության համար և մատնանշել, որ այս ոլորտում ՀՀ պետական քաղաքականության մշակումն իրականացվում է մարդակենտրոն, իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների ապահովմամբ՝ երաշխավորելով քաղաքացիական հասարակության հետ ազատ ու կառուցողական երկխոսությունը։ Խոսելով Մարդու իրավունքների ոլորտում պետական համապարփակ քաղաքականության մասին՝ Արդարադատության նախարարն ընդգծել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Կառավարությունն ընդունել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը, որն արտացոլում է այս ոլորտում առաջնահերթությունները՝ 11 ռազմավարական ուղղություններով։
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Գրիգոր Մինասյանը գործընկերոջը տեղեկացրել է նաև, որ Կառավարությունը հանձնառու է շարունակել իրականացնել օրենսդրական դաշտի լավարկման ու պրակտիկայի կատարելագործման հետևողական քաղաքականությունы՝ ուղղված խտրականության բացառմանը, գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ լրամշակվում է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով կնախատեսվեն խտրականության դեմ պայքարի գործուն կառուցակարգեր, ինչպես նաև ներկայացրել է նոր քրեական օրենսգրքով նախատեսված գենդերային ու ընտանեկան բռնության համար նախատեսված պատասխանատվության տեսակները։
Կողմերը քննարկել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված գործիքակազմերի կատարելագործմանը վերաբերող հարցեր։
Հելլենա Դալին անդրադարձել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի դեմ պայքարում Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը։ Հանձնակատարն ընդգծել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության կարևորությունը, մանրամասնել ԵՄ կարգավորումներն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, մասնավորապես՝ իրավահավասարության ապահովմանն ուղղված կառուցակարգերին ու եվրոպական չափանիշներին համահունչ համապարփակ օրենսդրության մշակման ու դրա արդունավետ կիրառման շրջանակներում։