ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին հրավիրել է բանավեճերի՝ ասելով, որ պատրաստ է դրանց մասնակցել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»:
Հանրապետական կուսակցության նախագահի հավանական թեկնածուն նման առաջարկ է արել իր Truth Social սոցիալական ցանցում, երբ նրա մրցակից ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին դադարեցրել է ընտրարշավը:
«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ ես և Ջո Բայդենը բանավիճենք Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար այդքան կարևոր հարցերի վերաբերյալ։ Հետևաբար, ես կոչ եմ անում բանավեճեր կազմակերպել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած տեղում», - գրել է Թրամփը՝ հավելելով, որ անհամբերությամբ սպասում է պատասխանի։
Բայդենի շտաբի պատասխանը չի ուշացել: «Ես գիտեմ, որ Դոնալդ Թրամփը ծարավ է ուշադրության: Բայց եթե նա այդքան հուսահատորեն ցանկանում է նախագահ Բայդենին փրայմ թայմում տեսնել, ապա սպասելու կարիք չկա։ Նա կարող է միանալ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներին, որոնք վաղը երեկոյան դիտելու են երկրի իրավիճակի մասին ելույթը»,- Fox News Digital-ին ասել է Բայդենի նախընտրական քարոզարշավի հաղորդակցությունների գծով տնօրեն Մայքլ Թայլերը: