Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից, այսինքն՝ սա փոխադարձ գործընթաց է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում ՀՀ-ի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը:
Հարցին՝ լոգիստիկ առումով Հայաստանը կարո՞ղ է այլընտրանքներ գտնել, Պապոյանը պատասխանեց. «Հայաստանի սահմանների մեծ մասը փակ է, և դա, իհարկե, օբյեկտիվորեն շատ մեծ խոչընդոտ է, բայց միևնույն ժամանակ դա մենք համարում ենք ընդամենը դժվար մարտահրավեր և չենք սահմանափակում մեզ այդ սահմանափակումով, և անընդհատ ու ամենօրյա աշխատանքով ես և մեր թիմը փորձելու ենք գտնել նոր ուղիներ»,- ասաց նա:
Հարցին՝ տնտեսական համագործակցության առումով որ երկրներն են այս պահին դիտարկվում, Պապոյանը նշեց, որ բոլոր ուղղություններով պետք է ավելացնեն առևտրաշրջանառությունը:
«Պետք է բոլոր ուղղություններով աշխատենք: Եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունը ավելացնենք, ուժեղացնենք, և մենք՝ որպես պետություն, ուժեղ լինենք, պետք է մեր տնտեսությունը աշխարհի՝ հնարավորինս բոլոր անկյունների հետ տնտեսական կապեր ունենա»: