Նախորդ տարի Կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսը արժեքի, ավելացրինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության մարտի 7-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Հիշեցնեմ, որ արդեն 2024 թվականի հունվարի 1-ից գործում են այս օրենքը, այս կարգավորումները, և այս տարի ինչ պետական հողերի օտարում ունենանք, դրանց արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սա ևս մեկ քայլ է նախորդ քայլերի շարքում, և այս որոշմամբ էականորեն կմեծանան ՏԻՄ-երի կարողությունները:
«Մենք անշարժ գույքերի մասով, այսինքն՝ շենք-շինությունների մասով, արդեն իսկ այս որոշումը կայացրել էինք: Գումարած սրան՝ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված՝ ունենք կարգավորումներ, որ ազդակիր համայնքներում ռոյալթիի 2 տոկոսը վերադարձվում է համայնքներին:
2024 թվականի հունվարի 1-ից մենք համայնքներին տրվող դոտացիաների թիվն ավելացրինք, և նաև արդեն երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում, որտեղ, ըստ էության, համայնքների կարողությունները՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու, միջին հաշվով, կրկնապատկվում են, չնայած շատ դեպքեր ունենք, երբ իրականում ֆինանսավորում ենք ծրագրերի 60-70 տոկոսը, և ընդհանուր առմամբ սա համայնքների կարողությունները զարգացնելու մեր քաղաքականության շրջանակում է:
Մենք սրանով նաև պետական բյուջեի միջոցները համայնքային խողովակով ավելի արդյունավետ կերպով մոտեցնում ենք հենց համայնքների բնակիչներին»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ փաթեթը բավականին մեծացնում է համայնքների կարողությունները, ինչը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հարաբերության «ճիշտ բալանսներ է ձևավորում»: