ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագծին:
«Ներկայացվող նախագծով, ըստ էության, թե՛ Կառավարության ծրագրի, թե՛ սպորտի զարգացման ռազմավարության կարևոր քայլ ենք իրականացնում, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է խաղային մարզաձևերի զարգացման կարևորությունը: Հենց այդ նպատակով 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախորդ տարի մենք արդեն հաստատել ենք մարզերում 2 ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ Ակադեմիական քաղաքի նախագծում տեղ է գտել Ազգային ստադիոնը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պետք է նշել, որ վերջին տարիներին հաջողությամբ է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը վարկանիշի իմաստով ներկայումս տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում և նախորդ տարի առաջին անգամ մտել Էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ, ընդ որում՝ ընտրական փուլում պաշտոնական հանդիպումներում 7 անընդմեջ հաղթանակ ենք գրանցել, իսկ ընդհանուր խաղերը, նաև ընկերականնները հաշված, 10 անընդմեջ հաղթանակով հավաքականը հանդես է եկել: Այժմ խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավարություն է ձևավորվում, քանի որ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ՉԼ մրցաշարի հանդիպումները: ՀՖՖ հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով՝ առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի ՀՀ-ում: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին: 3-րդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Նախատեսվում է, որ այս իրադարձությունները կհանդիսանան նաև զբոսաշրջային զգալի հոսքի առիթ՝ հաշվի առնելով մրցաշարի հեղինակությունն ու մրցող թիմերի երկրպագուների բանակը: Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախատեսվում է համապատասխան բարեկարգումներ իրականացնել՝ հատկապես լուսային հատվածի, հանդերձարանների մասով: Այդ իսկ պատճառով անհաժեշտություն է առաջացել Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍՆ-ին հատկացել 279 մլն 954 հազար 3 հարյուր դրամ»,- նշեց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ մարտի 14-ին կկայանա վիճակահանությունը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշեց. «Վիճակահանությունից հետո տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակներում: Տոմսերը բավականին մատչելի են լինելու: Ես ՀՖՖ-ից տեղեկություն ստացա՝ դրանք լինելու են 1000-ից 5000 դրամի սահմաններում: Այս պահին 50 երկիր գնել է Հայաստանից հեռարձակում իրականացնելու իրավունք, բայց ՀՖՖ-ի մեր գործընկերներն ասում են, որ այդ թիվը, հավանաբար, 7 տասնյակը կգերազանցի: Այս մրցաշարը շատ պոպուլյար է, և մեծ երկրպագուներ ունեն, այս առումով Հայաստանի համար զբոսաշրջային և իմիջային առումով շատ կարևոր է: Հազվադեպ է լինում, որ եզրափակչում թիմ չի լինում, և այդ երկրին իրավունք են տալիս նման եզրափակիչ փուլ անցկացնել: Կարծեմ ընդամենը 3 նման փորձ է եղել»: