Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկած վերջին համաձայնագիրը, սակայն պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը միջնորդների մասնակցությամբ, հաղորդում է EFE լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը:
Իսրայելը «շարունակում է խուսափել այս համաձայնագրով նախատեսված պարտավորություններից, հատկապես՝ կապված մշտական հրադադարի, տեղահանվածների վերադարձի, Գազայի հատվածից դուրս գալու և մեր ժողովրդի կարիքների բավարարման հետ»,- ասված է խմբավորման հայտարարության մեջ:
Շաբաթվա սկզբին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ վերսկսելու բանակցությունները, որոնց մասնակցել են նաև միջնորդ երկրների՝ Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Իսրայելը, սակայն, հրաժարվել է պատվիրակություն ուղարկել բանակցություններին, քանի որ ՀԱՄԱՍ-ից չի ստացել իսրայելցի պատանդների անունները, որոնք դեռ ողջ են:
ՀԱՄԱՍ-ը չի կարողացել նման ցուցակ կազմել, քանի որ տեղեկություն չունի բոլոր պատանդների գտնվելու վայրի կամ կարգավիճակի մասին, նրանցից ոմանք գտնվում են առանձնացված կամ կիսառազմականացված խմբավորումների գերության մեջ: Իսրայելի տվյալներով՝ Գազայում 130 պատանդ կա, որոնցից 99-ը ողջ են:
Գործարքի պայմանները, որոնցից ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է, ներառում էր 40-օրյա զինադադար և Գազայի հատվածում գերության մեջ գտնվող ՀԱՄԱՍ-ի 40 պատանդի փոխանակում Իսրայելի բանտերում պահվող 404 պաղեստինցի բանտարկյալի հետ: