Ըստ BBC-ի՝ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը պնդում է, որ մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժելեզնոգորսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքի և քսանյութերի պահեստում: «Այրվում է վառելիքի բաքը, տուժածներ չկան»,- ասել է նահանգապետը։
Անօդաչու թռչող սարքի թիրախում է հայտնվել նաև Միխայլովսկի լեռնահարստացուցիչ կոմբինատի վառելիքով լի բաքը, դարձյալ տուժածներ չկան: Կոմբինատը, որը Ռուսաստանի երկաթի հանքաքարի արդյունահանման և հարստացման խոշորագույն ձեռնարկություններից մեկն է, պատկանում է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի «Մետալոինվեստ» ընկերությանը։
Վորոնեժի մարզում էլ առավոտյան երեք անօդաչու թռչող սարք է խոցվել, նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:
Բելգորոդի մերձակայքում հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ինքնաթիռի տիպի ԱԹՍ մոտակա գյուղի շրջանում, օպերատիվ ծառայությունները ճշտում են անօդաչու սարքի ընկնելու վայրում հետևանքների մասին տեղեկատվությունը, նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան, հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Ուկրաինական կողմը չի մեկնաբանել հայտարարությունները: