Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնի համբերությունը սպառվում է՝ տեսնելով Գազայում շարունակվող սարսափելի տառապանքները: Նա նշել է, որ օգնության բացակայության պատճառով ամեն օր տասնյակ մարդիկ մահանում են սովից:
Թագավորության գլխավոր դիվանագետն ասել է, որ Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Գազայի հատված օգնություն հասցնելու կարևորությունը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտնել է, որ փետրվարի ընթացքում Գազա ուղարկված օգնության ծավալը կիսով չափ պակաս է եղել հունվարի մատակարարումներից:
Բենի Գանցն ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, որը նույնպես շեշտել էր, որ Իսրայելը պետք է Գազայի համար վստահելի մարդասիրական ծրագիր մշակի: Հարիսի խոսքով՝ պայմանները Գազայում «անմարդկային են»: