Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի»,- հայտարարել է Ալիևը։ Նա նշել է, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների համար: «Այն կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ համագործակցության ամրապնդման շրջանակում բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17%-ով և մոտեցել 4,5 մլրդ դոլարի։
Երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ ավելի վաղ իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ: