Արևմուտքին այս պահին ամենաուժեղացնող գործոնն Ուկրաինայի պատերազմն է: Ուկրաինայի պատերազմի արդյունքում ՆԱՏՕ-ն ընդլայնվել է: ԵՄ-ն Ուկրաինայի պատերազմից հետո միահամուռ է: ԱՄՆ-ի ռազմական արդյունաբերությունը շատ ինտենսիվ կերպով զարգանում է նաև այդ պատերազմի պատճառով: ՆԱՏՕ-ն ամենաուժեղն է: Հիմա կարող ենք հարց տալ՝ այդ մե՞նք ենք Արևմուտքին ուժեղացնում, թե՞ այն մարդիկ, որոնք որոշել են այդ պատերազմն իրականացնել, և այդ պատերազմի արդյունքում Արևմուտքը շատ ուժեղացել է: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Արևմուտքին աջակցելու հարցում Հայաստանին ուղղված մեղադրանքներին:
«Այդ կոնտեքստում պետք է արևմտամետներ փնտրել ուրիշ տեղ՝ Հայաստանից դուրս»,- ասաց նա:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները փչացել են, ԱԽ քարտուղարը հռետորական հարցով պատասխանեց՝ արդյոք ՌԴ-ն այլ երկրների հե՞տ էլ է փչացրել իր հարաբերությունները: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ միակ օրինակը ՀՀ-ն չէ, ՀՀ-ի նման այլ օրինակներ էլ կան:
«Եթե մեկը շատերի հետ վատ է, դա շատերի խնդիրը չէ, դա երևի մեկ հոգու խնդիր է, և ես չեմ հասկանում, որ Հայաստանին է ամեն անգամ պարտադրվում, որ դա Հայաստանի մեղավորությունն է: Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այնպես չէ, որ բոլորի հետ Ռուսաստանի հարաբերությունները հարթ են»,- ասաց նա: