Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են՝ նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական BLUE&P Group ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:
Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին, որից հաջողությամբ օգտվել են նաև իրանական կազմակերպությունները։
Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահական, մարզական կառույցների, դպրոցների, մանկապարտեզների կառուցմանը։
Քննարկվել է նաև Հայաստանում շինարարական նյութերի արտադրություն հիմնելու գաղափարը՝ հաշվի առնելով հատկապես մետաղական կոնստրուկցիաների մեծ պահանջարկն ու կիրառության ընդլայնումը։
BLUE&P Group-ի տնօրեն Մանսուր Սաիդին ընդգծել է ընկերության հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինության ոլորտով։ Նա տեղեկացրել է, որ վեց դուստր ձեռնարկություն ներառող BLUE&P Group-ը գործունեություն է ծավալում տասնյակից ավելի երկրներում։ Հայաստանում մինչ այժմ իրականացրել է առավելապես էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։ Ընկերությունը մտադրված է ակտիվորեն մասնակցել այլ ուղղություններով քաղաքաշինական առաջիկա ծրագրերին, որոնց իրագործման նպատակով պատրաստ է Իրանից ներգրավել ինչպես մասնագիտական ներուժ, այնպես էլ շինարարական տեխնիկա, սարքավորում և շինարարական նյութեր։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու նախանշված ուղղություններով համագործակցությունը։