Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 6-ին ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության քաղաքականության վարչության պետ, դեսպան Յոհան Ֆրիսելին:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն արժևորել է Շվեդիայի հետ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է խորհրդարանների միջև արդյունավետ փոխգործակցությունից` ընդգծելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը: Անդրադարձ է եղել նաև միջազգային հարթակներում երկկողմ գործակցությանը:
Սարգիս Խանդանյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:
Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ շրջանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը: Հանձնաժողովի նախագահը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը` միտված Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի օբյեկտիվ գնահատմանն ու խաղաղության ապահովմանը:
Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների իրականացման գործում: Այս համատեքստում անդրադարձ է եղել Շվեդիայի աջակցությամբ իրականացվող «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին: