Պաշտոնատար անձինք առևտրային կազմակերպություններում իրենց կանոնադրական կապիտալում մասնակցությունը կարող են փոխանցել հավատարմագրային կառավարման մասնագիտացված կազմակերպություններին, սակայն եղած ձևակերպումներով հստակ չեն ամրագրումներն այդ իմպերատիվ պահանջի վերաբերյալ և կարող են տարընթերցման հանգեցնել: Կան դեպքեր, երբ հավատարմագրային կառավարիչ նշանակվել է ֆիզիկական անձ: Օրենսդրությամբ լիարժեք կարգավորված չեն բաժնեմասերի հավատարմագրային կառավարման` որպես ծանուցվող գործունեության տեսակի առանձնահատկությունները, մասնավորապես` բացակայում է առևտրային կազմակերպություններում բաժնեմասերի հավատարմագրային կառավարման ծանուցվող գործունեություն լինելու վերաբերյալ ուղիղ ամրագրումը. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում նշված են միայն ՍՊԸ-ները, ամրագրված չէ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններում բաժնեմասերի կառավարման ծանուցվող գործունեության տեսակ լինելու պահանջը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ամրագրել, որ բաժնեմասի հավատարմագրային կառավարումը ծանուցման ենթակա գործունեություն է, հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները, իսկ բաժնեմասերի դեպքում այդ կարգավորումը լինելու է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի շրջանակում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից: Ծանուցվող գործունեություն դիտարկվում են նաև լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման դեպքերը:
«Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:
Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: