«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 6-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաև Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանն ուղղված նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխվել է հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա:
Նախաձեռնությամբ դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում էր իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ: Ներկայումս սահմանվում է, որ բարեվարքության ստուգման գործընթացը կիրականացվի պաշտոնում նշանակվելուց վեց տարի անց` մեկ անգամ: «Ժամկետի հաշվարկը սկսվելու է պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող 6-րդ տարում: Իսկ այն դեպքում, երբ մինչև վեց տարվա ժամկետի լրանալն անձն ընդգրկվում է առաջխաղացման ցուցակներում, ապա ժամկետի հաշվարկը սկսվում է առաջխաղացման գործընթացից և դրան հաջորդող տարվանից»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:
2024-2027 թվականների ժամանակահատվածում որոշակի հերթականությամբ բարեվարքության առաջին ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են այն անձինք, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը չեն անցել բարեվարքության ուսումնասիրություն: Իսկ այն անձինք, որոնք մինչև նախաձեռնության ուժի մեջ մտնելը պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության ուսումնասիրություն, ընթացիկ ուսումնասիրություն կանցնեն ընդհանուր կարգով. ժամկետը կհաշվարկվի վերջին նշանակմանը հաջորդող օրացուցային տարվանից:
Հանվել է բարեվարքության խորհրդատվական բնույթի եզրակացությունների եզրափակիչ մասերի հրապարակայնության պահանջը: Քննարկումների արդյունքում նաև հանվել է դրական վերապահումով բարեվարքության եզրակացության տեսակը: Որոշվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն տալ տրամադրելու միայն դրական կամ բացասական բնույթի եզրակացություն:
Կատարվել են նաև տեխնիկական բնույթի բարելավումներ:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող կարգավորումներով դատավորներին հավելյալ պարտավորություններով ծանրաբեռնելուն, պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգումների պարբերականությանն ու բովանդակությանը, հանրային ծառայության քաղաքականության սկզբունքների լիարժեք ապահովմանը և այլն:
Փոխնախարարի տեղեկացմամբ երբևէ բարեվարքության ստուգումներ չանցած դատավորները, դատախազները և քննիչները նախաձեռնության ընդունումից հետո ստուգվելու են մինչև 2027 թվականը:
Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանի դիրքորոշումը բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ էական փոփոխությունների ենթարկվելով` նախաձեռնությունը բարելավվել է, և կարևոր են կանոնակարգումներով նախատեսված կարգավորումները: Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ ԿԿՀ-ն ստուգում է անձի բարեվարքությունը, բայց չի կարող անդրադառնալ վերջինիս մասնագիտական որակներին, աշխատանքային պարտականություններին:
Լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, նախագծում ներառվել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանի առաջարկը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման արդյունավետ գործիքակազմ, ապահովել պետության սեփականություն դարձած նվերների տնօրինման ընթացակարգի միասնականությունը և կանխատեսելիությունը, ապահովել պետական սեփականություն հանդիսացող գույքի միասնական սկզբունքներով, նպատակային և արդյունավետ կառավարումն ու տնօրինումը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: