«Սուպերերեքշաբթիի» օրը՝ մարտի 5-ին, երբ ԱՄՆ-ի 15 նահանգում և մեկ կղզու տարածքում անցկացվել են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներն ու հավաքները, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը ստացել են գրեթե բոլոր ձայները։
Այսպիսով, Թրամփը ներքին կուսակցական ընտրություններում հաղթել է 13 նահանգում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում և Տեխասում, վերջնական պարտության մատնելով իր մրցակից Նիկի Հեյլիին։ Edison Research-ի սոցհարցման տվյալներով՝ Հեյլին իր միակ հաղթանակը տարել է Վերմոնտում և այլևս չունի առաջադրվելու իրատեսական հնարավորություն։ Ալյասկայում քվեարկության արդյունքը դեռ չի հաշվարկվել:
Ջո Բայդենը, որն առաջադրվել է նախագահի երկրորդ ժամկետում, հաղթել է բոլոր փրայմերիզներում, բացառությամբ ամերիկյան Սամոա կղզու տարածքի, որտեղ նա պարտվել է քիչ հայտնի թեկնածու, ձեռնարկատեր Ջեյսոն Փալմերին:
Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում՝ Թրամփը դարձյալ քննադատել է Բայդենին՝ կենտրոնանալով նրա ներգաղթի քաղաքականության վրա և նրան անվանել պատմության «ամենավատ նախագահը»:
Բայդենն էլ իր հերթին Թրամփին կրկին անվանել է ամերիկյան ժողովրդավարության սպառնալիք։ «Այսօրվա արդյունքները Ամերիկայի ժողովրդին թողնում են հստակ ընտրության առաջ՝ մենք կշարունակե՞նք առաջ շարժվել, թե՞ թույլ կտանք Դոնալդ Թրամփին մեզ հետ տանել դեպի քաոս, պառակտում և խավար, որոնք սահմանվեցին նրա նախագահության ժամանակ»,- ասել է Ջո Բայդենը։
ԱՄՆ-ում նախագահի ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 5-ին։