Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում:
Մրցույթի նպատակն է մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելքիների պաշարը դպրոցահասակ երեխաների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևելու անվտանգ համացանցի կանոններին:
Մասնակիցներն աշխատանքները կարող են ներկայացնել իրենց նախընտրելի ձևաչափով (էսսե, տեսանյութ, փոքրիկ հոլովակ, գեղանկար, լուսանկար) սույն թվականի մարտի 5-ից մինչև ապրիլի 15-ը՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց, դասարան և կոնտակտային հեռախոսահամար:
Աշխատանքները կարելի է ներկայացնել ինչպես էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով, այնպես էլ՝ ուղարկելով նամակ Գործակալության հասցեին (ք. Երևան, 0051, Կոմիտաս 54բ, Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն):
Լավագույն երեք աշխատանքները կպարգևատրվեն մրցանակներով մրցույթի տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ի կողմից (առաջին մրցանակ՝ սմարթ հեռախոս, երկրորդ մրցանակ՝ սմարթ ժամացույց, երրորդ մրցանակ՝ անլար ականջակալ): Ինչպես նաև կլինեն հատուկ մրցանակներ Զանգակ գրատան կողմից:
Իսկ առաջին տեղը զբաղեցրած երեխայի դպրոցը կստանա նաև գրքերի շարք՝ գրադարանի համալրման նպատակով:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մրցանակների հանձնման և իրազեկման միջոցառմամբ, որի ընթացքում տեղի կունենա նաև Գործակալության կազմած և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) օժանդակությամբ հրապարակված «Երեխաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու» բուկլետի շնորհանդեսը: