Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ:
«Հատուկ կարևորություն ենք տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Շահագրգռված ենք մեր ընդհանուր տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»,- ասել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է «բարեկամ Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմամբ»: Դրա համար, ռուս վարչապետի խոսքով, հուսալի հիմք է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։