Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.
«Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի,
Հարգելի ներկաներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին` Եգիպտոս պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Եգիպտոսը Միջին Արևելքում Հայաստանի առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում հանդիպման այս հնարավորությունը: Մեր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում:
Պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով՝ նախագահ աս-Սիսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։ Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ նախագահ աս-Սիսիին հայտնել եմ Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար:
Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացի իրականացումը՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության համար առանցքային է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման և փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս առնչությամբ մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչումը կարող է լիովին փոխել իրավիճակը տարածաշրջանում և փոխշահավետ համագործակցություն հաստատել՝ կապելով Արևելքն Արևմուտքին և Հյուսիսը Հարավին։
Պարոն նախագահ,
Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիսիին՝ այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։
Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ:
Չեմ կարող չնշել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ այսօր մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով մշտապես վայելել են ու շարունակում են վայելել Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։
Մեծարգո նախագահ,
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ եգիպտացի ներդրողների հետաքրքրության աճը. եգիպտական հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են այցելել մեր երկիր՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Հուսով եմ, որ այս այցի շրջանակում եգիպտացի գործարարների հետ կայանալիք հանդիպմանը ևս լրացուցիչ խթան կհաղորդենք տնտեսական հարաբերություններին:
Ներկայումս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաuտանի Հանրապետության և Եգիպտոuի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում կգումարվի նաև գործարար համաժողով։ Տարվա ընթացքում ակնկալվում է ևս երկու ոլորտային գործարար համաժողովների անցկացում։ Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայաստանցի գործարարներին՝ մասնակցելու Կահիրեում կայանալիք նշյալ համաժողովներին։
Երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Մեր քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։
Մեծարգո նախագահ աս-Սիսի,
Ամփոփելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ընդգծել վերջին երկու տարիներին բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և մեր պետություններին մաղթել ամուր փոխհարաբերություններ և նոր ձեռքբերումներ համատեղ աշխատանքում՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար։ Շնորհակալ եմ»: