ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մարտի 5-ին հանդիպել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
«Միջազգային կառույցների անցկացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցներում նշվում է, որ մեդիա ոլորտը Հայաստանում շատ բևեռացված է»,- ասել է Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով երկրի մեդիա ոլորտին վերաբերող հարցերին: Նա նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո խոսքի ազատությունը Հայաստանում առաջադիմել է:
Պատգամավորի խոսքով մեդիա ոլորտի բևեռացման պատճառներից է նաև լրատվամիջոցի ֆինանսական ազատություն չունենալը. թերզարգացած է գովազդի շուկան և այդ ամենը հանգեցնում է պատվեր կատարելուն: Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ լրատվամիջոցը պետք է անաչառ լրատվություն մատուցի, պետք է տեղեկատվությունը նախ ուսումնասիրվի, հետո ներկայացվի օբյեկտիվ փաստ: Պատգամավորը հավելել է, որ շատ լրատվամիջոցներ գործում են այս կամ այն քաղաքական կուսակցությունների պատվերով: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է նաև կուսակցական մեդիա:
Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է առաջին ընթերցմամբ ընդունված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով հնարավոր կլինի կարգավորել դաշտը և միաժամանակ չսահմանափակել խոսքի ազատությունը:
Ապագա դիվանագետները պատգամավորի հետ զրուցել են նաև մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին: