Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մինչև 30 աշխատող ունեցող ընկերությունների համար որոշակի ժամանակահատվածով սահմանված էր եկամտային հարկի և շահութահարկի գծով արտոնություն, որը երկարաձգվել էր ևս մեկ տարով: Այդ գործընթացին զուգահեռ առավել երկարաժամկետ, կանխատեսելի, ոլորտի ու տնտեսության շահերն առավելագույն հավասարակշռող ամբողջական կարգավորումներ մշակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ընդգծել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մարտի 5-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկումների առանցքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթն էր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի մոտ քննարկման ժամանակ այս հարցով աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն է եղել: Մինչև այս տարվա կեսը նախատեսվում է ունենալ վերոնշյալ նախաձեռնությունը: Մինչ փաստաթուղթը պաշտոնապես շրջանառելը, հանձնաժողովի փոխնախագահը կարևորել է քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Արձանագրելով, որ ոլորտի զարգացումն այլընտրանք չունի և դրա համար լրջորեն քայլեր են ձեռնարկվում` նա կարծիք է հայտնել, որ այս հանրային քննարկումը եւս այդ մասին է վկայում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարևորել է Վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը և դրա շրջանակում իրականացվող քայլերն ու առաջնահերթությունները:
«Ակնհայտ է, որ մենք բոլոր ուղղություններով չենք կարող ունենալ թռիչքային հաջողություններ, բայց, միանշանակ է, որ կոնկրետ ոլորտներ թիրախավորելով` նման հնարավորություն ունենք»,- փաստել է Հակոբ Արշակյանը:
Անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին` խորհրդարանի փոխնախագահը կարծիք է հայտնել, որ օրենքը չպետք է լինի ուղղակի արտոնությունների մասին, պետք է ունենա խթանիչ ուղղություններ, որոնք կրթության և գիտության ոլորտներում ազդեցության որակական փոփոխությունների կհանգեցնեն: Որպես օրինակ` նա մատնանշել է հիպոտեկային շուկայի շաղկապվածությունը մարդկանց վճարած եկամտային հարկի հետ: Ըստ Հակոբ Արշակյանի` եկամտային հարկի վերադարձով խթանում ենք ներդրումները, և նման խթաններ կարող են լինել նաև գիտության ու կրթության ոլորտում ներդրումները:
Լսումներին բացման խոսքով ելույթ է ունեցել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին` նման լսումներ նախաձեռնելու համար: «Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է մեզ, ՏՏ համայնքի համար, որովհետև մենք կարևորագույն որոշումներ կայացնելու փուլում ենք»,- ընդգծել է զեկուցողը:
Մխիթար Հայրապետյանի խոսքով ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրություն ունենալը ռազմավարական նպատակ է: Նշվել է, որ նախարարության առաքելությունն է` Կառավարության և համայնքի միջև ապահովել որակյալ երկխոսություն, ճիշտ համակարգել կողմերին մտահոգող հարցերը, ստեղծել կառուցողական մթնոլորտ:
«Հավատում եմ, որ բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը Հայաստանում ունի ապագա»,- նման կարծիք է հայտնել նախարարը և նշել, որ դրա համար անհրաժեշտ է գնալ բարդ որոշումներ ընդունելու ճանապարհով:
Ըստ նախարարի` ՏՏ ոլորտի զարգացումը բնագավառի մասնագետների սեփականությունը չէ, պետությունը տարբեր գործիքներով և մեխանիզմներով պետք է նրանց կողքին լինի:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անունից ելույթում Արմեն Բալդերյանը կարևորել է նմանատիպ լսումների կազմակերպումը: ՏՀՏ գործատուների միության նախագահի խոսքով պետք է ճիշտ գնահատել այն դերը, որն ունի ԲՏ ոլորտը երկրի զարգացման հարցում: Զեկուցողը խոսել է Հայաստանի` բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու կարևորության մասին, և այդ ճանապարհին թե' ոլորտային օրենքների և թե' ռազմավարության մշակման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի կարծիքով էլ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի բնագավառի թռիչքաձև զարգացմանը:
ՏՏ համայնքի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է խմբի կողմից մշակված վերլուծական փաստաթուղթը: Վերլուծությանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատուժի զարգացման ծրագիրը Հայաստանում` նաև տրամադրելով փորձագիտական աջակցություն օրենքի նախագծի մշակման գործում: «Մեր տեսլականն է, որ Հայաստանը մի շարք բարձր տեխնոլոգիական ոլորտներում կլինի գլոբալ առաջատարների թվում` թոփ տասնյակի, հնգյակի թվում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը կունենա զգալի կշիռ համախառն ներքին արդյունքում` 10 տարվա ընթացքում հասնելով 15-20 տոկոսի: Մեր տեսլականն է, որ ամբողջ տնտեսությունը կթվայնացվի և տեխնոլոգիապես կվերազինվի: Կարծում եմ` միանշանակ է, որ դա առանց ուժեղ բարձր տեխնոլոգիական համայնքի դա անհնար է իրականացնել Հայաստանում»,- ասել է բանախոսը:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտն է` գրանցելով կտրուկ աճ 2022 թվականին: Դա հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանից ռելոկանտ ընկերությունների մուտքով Հայաստան:
2022 թվականին ոլորտի շրջանառությունը հասել է 589 մլրդ դրամի կամ 1 մլրդ 400 մլն դոլարի: Ոլորտը 47.5 տոկոսով աճել է տարեկան` 2018-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում այն դեպքում, երբ ՀՆԱ-ն տարեկան աճել է 9 տոկոսով: Նման արագ աճը նպաստել է ոլորտի դերի և նշանակության բարձրացմանը տնտեսության մեջ, և ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը հասել է մինչև 7 տոկոսի:
Նշվել է, որ հարկային արտոնությունները լրացուցիչ խթան են հանդիսացել ՏՏ ոլորտի աճի համար: Արտոնություն ստացած ընկերությունների աճը 23 տոկոսային կետով ավելի արագ է եղել, քան արտոնություն չստացածներինը: 4-5 անգամ ավելացել է Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների քանակը: Ոլորտում ավելացել են աշխատողների թվաքանակը և աշխատավարձի ֆոնդը, որը 2022 թվականին հասել է մոտ 700 մլն դոլարի: Ոլորտի կողմից վճարվել է շուրջ 60 մլրդ դրամի եկամտային հարկ, որը 2018 թվականի նկատմամբ աճել է 3.6 անգամ, իսկ շահութահարկը կազմել է մոտ 1.1 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճ է գրանցել մոտ 7 անգամ:
Այստեղ բարձր է նաև միջին աշխատավարձը: Այն 2022 թվականին կազմել է մոտ 1 մլն դրամ, որը 3.8 անգամ ավելի բարձր է, քան հանրապետության միջին աշխատավարձը:
Նշվել է, որ ոլորտում աշխատավարձային ֆոնդը կազմում է 770 մլն դոլար:
Սևակ Հովհաննիսյանը նշել է այն ներքին և արտաքին մարտահրավերները, որոնք ծառացած են ոլորտի առջև:
«Պետության կողմից միջոցառումների իրականացման նպատակը ՀՀ տարածքում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) գործունեության խթանումն է, ԲՏ և ՏՏ ոլորտի զարգացումը, այդ ոլորտի գլոբալ մրցունակության բարձրացումը և դրա զարգացման միջոցով երկրի տնտեսական աճի ապահովումը»,- օրենքի հիմնական դրույթները ներկայացնելիս ընդգծել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի իրավաբան-խորհրդատու Արա Խզմալյանը: Նախաձեռնությամբ ԲՏ և ՏՏ ոլորտի սուբյեկտ են համարվելու այն տնտեսվարողները, որոնց գործունեության առնվազն 50 տոկոսը տվյալ ոլորտում է: Որոշ գործունեության տեսակներ համարվելու են ԲՏ և ՏՏ ոլորտի գործունեություն` տնտեսական դասակարգչի կոդերի հիման վրա: Այլ ոլորտների համար լիազոր մարմնի կողմից հանձնաժողովի մասնակցությամբ կմշակվեն չափանիշներ` որոշակի գործունեությունը ԲՏ և ՏՏ ոլորտի գործունեություն ճանաչելու համար: Հանձնաժողովի 8 անդամից 4-ը պետական համակարգի, 4-ը` ոլորտային միությունների ներկայացուցիչներ են լինելու: Հանձնաժողովի առաջնահերթ պարտականություններից է հավաստագրի տրամադրումն այն դեպքում, երբ ընկերության գործունեությունն ինքնաբերաբար չի երևում ԱԱՀ հաշվարկներից: «Այն դեպքերում, երբ ինքնաբերաբար երևում է, հավաստագրման կարիք այլևս չի լինի»,- ասել է զեկուցողը: Հանձնաժողովը մասնակցելու է օրենքի շրջանակում տվյալների հավաքագրման, ստուգման, համեմատման և մշտադիտարկման աշխատանքներին: Այդ տեղեկությունների շրջանակում նախարարությունը վարելու է վարչական ռեգիստր:
Զեկուցողը մանրամասնել է հնարավոր աջակցության միջոցառումները: Համավճարը (անվանումը պայմանական է) հաշվարկվելու է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակահատվածում (եռամսյակ կամ տարեկան) եկամտային հարկի գծով հաշվարկած, վճարված գումարները: Հնարավորություն է տրվելու լիազոր մարմնին` ԲՏԱ նախարարությանը, ԲՏ և ՏՏ ոլորտի սուբյեկտներին տրամադրել համաֆինանսավորում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների, ԲՏ և ՏՏ ոլորտում կրթական ծրագրերի գծով ծախսերին, ինչպես նաև կապիտալ ներդրումներին: Արա Խզմալյանը պարզաբանել է, որ այս առումով չափանիշները, չափերը և կարգը պետք է լրացուցիչ սահմանվեն ենթաօրենսդրական ակտերով: «Կարևոր է հասկանալ, որ ոլորտի զարգացումն օրենքը չի կապում զուտ հարկերի վերադարձի, այլ առաջին հերթին նաև պետության կողմից ուղիղ մասնակցության հետ` ոլորտում առավել արդյունավետ ու առաջադեմ ծախսերի գծով»,- ասել է նա:
Համավճարի մասով պետք է լինի հնարավորինս ավտոմատացված մեխանիզմ. առցանց դիմում է ներկայացվելու, տեղեկությունները ստուգվելու են` համադրելով ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալներին: Որոշումը կայացվելու է ավտոմատացված, սակայն տեխնիկական խնդիրների դեպքում նախարարությանը դիմելու հնարավորություն է լինելու` վերանայման, վարչական վարույթ իրականացնելու նպատակով: Դիմումները կարող են ներկայացվել եռամսյակային ու տարեկան կտրվածքով:
Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում լսումների մասնակիցները խոսել են ՏՏ ոլորտի զարգացման վերաբերյալ ռազմավարություն և աշխատաշուկայում որակյալ մասնագետներ ունենալու անհրաժեշտության մասին: Կարծիքներ են հնչել օրենսդրական նախաձեռնության որոշ դրույթներ հստակեցնելու, խմբագրելու և ճշգրտելու վերաբերյալ: Կարևորվել է գիտության և կրթության ոլորտներում ներդրումների ավելացումը: Ելույթ ունեցողները որպես ոլորտի առջև ծառացած մարտահրավեր մասնավորապես նշել են ոլորտից լավագույն մասնագետների արտահոսքն այլ` ավելի լավ բիզնես միջավայր ու պայմաններ առաջարկող երկրներ, ինչը կասեցնելու համար անհրաժեշտ է համարվել անհապաղ քայլեր անել:
Ելույթ ունեցողները ներկայացրել են ոլորտին առնչվող առաջարկներ և դիտողություններ, նշվել է նաև, թե նախաձեռնության վերնագիրը չի արտահայտում օրենքի բովանդակությունը: Առաջարկվել է մտածել նաև, թե ինչ է լինելու այն 4000-5000 ընկերությունների հարցը, որոնք բաղկացած են 1 հոգուց և չեն վճարում որևէ հարկ կամ պարտադիր վճար: Անդրադարձ է եղել ընկերություններում իրականացվող անհասկանալի ստուգումներին, ռելոկանտ ընկերությունների արտահոսքի պատճառներին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, որակյալ օրենսդրություն ունենալու հարցում կարևորելով նման արդյունավետ քննարկումները, կարծիք է հայտնել, որ ՏՏ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի երկրի համար. այն միայն իր շահերին չի ծառայում: ԲՏ ոլորտը, օրինակ, կարող է արտացոլված լինել բժշկության, արդյունաբերության մեջ ու այլուր և նպաստել տնտեսության աճին ու հասարակության զարգացմանը: Ըստ հանձնաժողովի փոխնախագահի` այս ոլորտում զգույշ ու հավասարակշռված քայլեր են պետք: «Ցանկացած ոլորտի հարկային քաղաքականություն, եթե տարբերվում է մյուս ոլորտներից, դա խտրականություն է: Կարող է լինել դրական խտրականություն, կարող է լինի խտրականություն, որը հետագայում ավելի մեծ օգուտներ է բերելու, բայց այն պետք է առավելագույն փաստարկված լինի»,- նման կարծիք է հայտնել պատգամավորը:
Բաբկեն Թունյանի գնահատմամբ կարևորն այն է, թե որպես պետություն որքան ենք ծախսելու և որքան ենք հետ ստանալու: «Եթե տեղեկատվական տեխնոլոգիաներից անցում ենք կատարում բարձր տեխնոլոգիաների, այդտեղ մի քանի միլիարդի մասին չէ խոսքը, այլ` տասնյակ միլիարդների: Ըստ էության` սա միջոցների վերաբաշխում է, պետք է հասկանանք` այդ միջոցների վերաբաշխումից պետությունն ի՞նչ է ստանալու»,- ընդգծել է նա: Հանձնաժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ քննարկումները շարունակական կլինեն և առավել ամբողջական ու կանխատեսելիություն ապահովող լուծումներ կարձանագրվեն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է ոլորտում իրականացվող հարկային վարչարարությանն ու դրա ազդեցություններին, ռելոկանտների հեռանալու պատճառներին: Պատգամավորը կարևորել է ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը: Ըստ նրա` նրանց կա՞մ պետք է տեղում պատրաստել, կա՞մ եղած մասնագետներին բերել մեր երկիր` տալով նրանց մրցունակ հարթակ: «Խնդիրները կլուծվեն, եթե միայն ոլորտում առավել մրցունակ հարթակ ստեղծվի»,- ընդգծել է նա:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի դիտարկմամբ լսումների ընթացքում հնչել են տարբեր արժեքավոր մտքեր, որոնք կարևոր են լինելու առաջիկա որոշումների կայացման համատեքստում: «Մենք, ի վերջո, պետք է որևէ պահի կոնսենսուս ունենանք այն գործոնների շուրջ, թե որոնք են և դրանք ինչ չափով են ազդում ոլորտի զարգացման հեռանկարի վրա»,- ընդգծել է զեկուցողը: Փոխնախարարի կարծիքով կան հատվածական տարբեր հետազոտություններ, սակայն մեկ համապարփակ հետազոտությամբ ամբողջովին բացահայտված չէ, թե որոնք են ամենաազդեցիկ գործոնները:
Արման Պողոսյանը խոսել է բնագավառում հարկային արտոնությունների տրամադրումից, նշել, որ ոլորտում ստեղծվող հարկման բազաները ապագա հարկերն են ու ծախսերի աղբյուրները:
Փոխնախարարը խոսել է կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր ունենալու, փոփոխությունների արդյունքում հարկման բազան ընդլայնելու մասին. «Նախատեսում ենք ունենալ այնպիսի օրենսդրություն, որը թույլ կտա գրանցել մեր երկրում ստեղծվող հեղինակային իրավունքները»:
Եզրափակիչ ելույթում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին` ռազմավարությունից հետո օրենքի ընդունում, թե՝ հակառակը: Նա ինստիտուցիոնալ առումով անընդունելի է համարել ոլորտային օրենսդրություն ունենալը` առանց ռազմավարության առկայության: Միևնույն ժամանակ օրենքն արտահերթ քննարկելու հարցին անդրադառնալով` նա նշել է, որ այստեղ խնդիրը բախվում է մրցակցության բաղադրիչին: «Այս օրենքն արտահերթ և ոչ ինստիտուցիոնալ ճանապարհով առաջ տանելու հիմքում ընկած է մրցակցությանը չպարտվելը»,- արձանագրել է նախարարը և կարծիք հայտնել, որ պետք է գերարագ քաղաքականություն վարել, ինչը մրցակիցներն արդեն վարում են: «Մի քանի քայլ ավելի առաջ նայելու իմաստով մենք պետք է այսօր կողմնորոշվենք` արձանագրելով, որ զուգահեռ պետք է ունենանք ռազմավարական փաստաթղթերը»,- փաստել է նա: Նախարարը կարևորել է ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի փոխկապակցված աշխատանքը:
«Սրանք ապագայի մասին քննարկումներ են, ներդրումներ են մեր պետության անվտանգության, մեր երեխաների ապագայի, ռազմարդյունաբերության, տաղանդի մեջ»,- եզրափակիչ ելույթում փաստել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Եզրափակելով լսումների աշխատանքը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով մեկնարկած գործընթացը կարող է միությունների, ասոցիացիաների, մասնավոր ոլորտի, գործադիրի և օրենսդիրի համագործակցությամբ արդյունավետ կարգավորում ունենալու լավ օրինակ դառնալ: