ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հավատարմագրման վկայագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Շնորհավորելով փորձագետներին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս հավաստագրերի առկայությունը ոչ միայն մասնագիտական աշխատանքի որակի վկայություն է, այլև պատասխանատվություն, որտեղ ձեր յուրաքանչյուր խոսքը մեծ կշիռ է ձեռք բերում և հիմք է հանդիսանալու կարևոր որոշումների համար: Հուսով ենք, որ ձեր ակտիվ մասնակցությամբ օրեցօր ոլորտը կբարելավվի, ինչը պետությանը թույլ կտա գործել ավելի թափանցիկ և ընկալելի դաշտում»: Նախարարը փորձագետներին մաղթել է հաջող ընթացք և անաչառ գործունեություն:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է փորձաքննությունը՝ որպես առանձին բաղադրիչ կրթական գործընթացում ներառելու անհրաժեշտությանը՝ նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Էսթեր Աբրահամյանն ընդգծել է՝ մեր ժամանակների հրամայականին համապատասխանող թեկնածուների մուտքը ոլորտ հնարավորություն կտա նոր իրականություն կերտելու փորձագիտական դաշտում: Հավատարմագրված փորձագետները շնորհակալություն են հայտնել վստահության համար և նշել, որ իրենց լիազորությունները կօգտագործեն հնարավորինս լիարժեք։