Մոսկվայում Եվրամիության երկրների դեսպանները հրաժարվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից։ Այդ մասին հայտարարել է ինքը՝ Լավրովը, Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում կայացած քննարկման ժամանակ: Նա ասել է, որ եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումը պետք է նվիրված լիներ Ռուսաստանում կայանալիք նախագահի ընտրությանը։ Սակայն, Լավրովի խոսքով, նախատեսված միջոցառումից երկու օր առաջ ԱԳՆ-ն հաղորդագրություն է ստացել, որ դեսպանները չեն գա հանդիպման։
«Պատկերացնո՞ւմ եք դիվանագիտական մակարդակով հարաբերություններ այն երկրների հետ, որոնց դեսպանները վախենում են հանդիպման գալ այն երկրի նախարարի հետ, որտեղ հավատարմագրված են։ Որտե՞ղ եք նման բան տեսել»,- ասել է Լավրովը։
Նախարարը նաև պարզաբանել է, որ հանդիպմանը ցանկանում է դեսպանների հետ քննարկել այն տեղեկությունը, որ ԱԳՆ-ն կուտակել է, որ Մոսկվայում Եվրամիության երկրների դեսպանատներն իրենք են «պատրաստվում» նախագահի ընտրությանը: Դաշնության գլխավոր դիվանագետի խոսքով՝ ԵՄ երկրների դեսպանները մտադիր են աջակցել ռուսական «ոչ համակարգային ընդդիմությանը» և կիրառել որոշակի «միջամտության մեխանիզմներ»։
Լավրովն ասել է, որ պատրաստվում է զգուշացնել օտարերկրյա դիվանագետներին նման գործողությունների մասին, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել։ Ռուսաստանում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը RBC-ին հաստատել է, որ ՌԴ ԱԳՆ-ն միջոցառմանը հրավիրել է եվրոպացի դեսպաններին, սակայն մերժումը պայմանավորված է «չափազանց ցածր վստահությամբ» և հրավերի օրակարգում առաջարկների բացակայության պատճառով:
«Մեզ հրավիրել էին քննարկելու ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, բայց հիմա նախարար Լավրովն ասում է, որ խոսքը վերաբերում էր մեզ դասախոսություններ կարդալուն։ Սա վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ենք վարվել, որ մերժել ենք հրավերը»,- հավելել են ԵՄ պատվիրակությունից։
Մանրամասները՝ ռեպորտաժում: