Այս տարի առաջին անգամ հասարակական տրանսպորտով` մետրոպոլիտենով, համայնքային «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-սիթի» մակնիշի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա տեղեկացրեց, որ Կանանց միջազգային օրվա և միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակի նախաձեռնություններով հանդես կգա:
Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:
Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն: