Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը ժամանել է ԱՄՆ՝ ԱՄՆ-ի իշխանությունների հետ քննարկելու Գազայի հատվածում տիրող իրավիճակը, չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ այդ այցի հարցով անհամաձայնությանը, հաղորդել Է The Times of Israel-ը:
Առանց պորտֆելի նախարարի ԱՄՆ ժամանման մասին հայտնել են նրա գրասենյակից։ Երկուշաբթի Գանցը կհանդիպի փոխնախագահ Քամալա Հարիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերքի հետ:
Երեքշաբթի Գանցը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որից հետո կմեկնի Լոնդոն, հանդիպելու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն չափազանց զայրացել է՝ իմանալով Գանցի ծրագրերի մասին, քանի որ ուղևորությունը ծրագրվել էր առանց իր հավանության: Ըստ պարբերականի, ուրբաթ Գանցի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ «Իսրայելը միայն մեկ վարչապետ ունի»: