Ուկրաինական հետախուզությունը հաստատել է Սամարայի շրջանում Չապաևկա գետի վրա երկաթուղային կամրջի պայթեցման փորձը:
«Ռուսաստանը երկաթուղային այդ ճյուղը օգտագործում է ռազմական բեռների, այդ թվում՝ ինժեներական զինամթերքի տեղափոխման համար, որոնք արտադրում է Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքի «Պոլիմեր» գործարանը»,- ասվում է գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ի սահմաններում՝ Չապաևկա գետի վրա գտնվող երկաթուղային կամրջի վրա: Գնացքների երթևեկությունը կամրջի երկայնքով դադարեցվել է։ «Ռուսական երկաթուղիները» հայտնել են, որ միջադեպի պատճառով հինգ գնացք է ուշանում, կամրջի հենասյուները չեն քանդվել, սակայն մի հատված վնասվել է: Տեխնիկան և սարքավորումները պատրաստ են վերականգնման աշխատանքների համար: Նախնական տվյալներով՝ դա կտևի մի քանի ժամ:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ևս երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերել Սամարայի կամրջի պայթյունի շրջանում՝ երկաթուղային գծի տակ: