Իսրայելական KAN հեռուստաընկերությունը հայտարարել է October Rain երգի բառերի փոփոխության մասին, որը պետք է ներկայացվեր «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում: Ըստ իսրայելական հեռարձակողի՝ առաջիկա օրերին կներկայացվի երգի բառերի նոր տարբերակը։
Փետրվարի կեսերին Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարեցլ է, որ October Rain երգի բառերը բացահայտ քաղաքական հայտարարություններ են պարունակում, ինչն արգելված է մրցույթի կանոններով։ Երգի «Ես դեռ թաց եմ հոկտեմբերի անձրևից» և «Նրանք բոլորը լավ երեխաներ էին» տողերն, ըստ EBU-ի, ենթադրաբար նկարագրում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
Սկզբում KAN-ը պաշտոնապես հայտարարել է, որ չի փոխի October Rain երգի բառերը, բայց ավելի ուշ հեռարձակողը հայտնել է, որ վերանայել է իր որոշումը՝ ընդունելով Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի դիրքորոշումը: Նախագահն ասել է, որ Իսրայելը պետք է «բարձրացնի իր դրոշը յուրաքանչյուր համաշխարհային հարթակում»:
Մի շարք երկրներ դեռ կոչ են անում թույլ չտալ Իսրայելի մուտքը «Եվրատեսիլ»։ Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի երաժշտական ոլորտի ներկայացուցիչները հրապարակել են բաց նամակների շարք, որոնցում նշել են, որ Իսրայելը կռվում է Գազայի հատվածում, հետևաբար, պետք է բացառվի այդ երկրի մասնակցությունը մրցույթին։
«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում, իսկ կիսաեզրափակիչները՝ մայիսի 7-ին և 9-ին։ Ի դեպ, EBU-ն խնդրել է փոխել նաև մրցույթի գերմանացի թեկնածուին՝ երգիչ Իսաակին և երգի բառերը, այս անգամ ոչ քաղաքական ենթատեքստի պատճառով: Երգի տեքստում հայհոյանք է եղել: