Մենք պետք է ցուց տանք, որ պատրաստակամ ենք կանխել կոնֆլիկտների խորացումը, և խաղաղությանն են ուղղված մեր բոլոր քայլերը: Անշուշտ, այս ամենը պետք է արվի միջազգային օրենքի սահմաններում: Այդ մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը:
Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնություններ, որոնք կսերտացնեն երկու երկրների ԶՈՒ-երին:
Նա նաև նշեց, որ ցանկություն կա պաշտպանության եռակողմ համագործակցություն ստեղծել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև, ինչպես նաև քառակողմ համագործակցություններ Հնդկաստանից, Ասիայից և այլ երկրներից այն երկրների հետ, որոնք և՛ Հայաստանի, և՛ Հունաստանի ընդհանուր ընկերներ են:
«Հունաստանը ամուր կերպով վստահ է, որ ամեն տեսակ խնդիր պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Մենք վճռականորեն, սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության, որևէ միակողմանի գործողությունների այս տարածաշրջանում: Մենք կարծում ենք, որ խաղաղությունն է կարևորագույնը, ուստի կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենքի շրջանակներում»,- ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։
Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։