Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Շտապօգնության բժիշկների մոտ առկա կլինեն պլանշետներ, որտեղ կգրանցվի կանչի ստացման պահից սկսած յուրաքանչյուր քայլ՝ կանչի ժամը, հիվանդի ներկայացրած գանգատները, ախտորոշումը, իրականացված միջամտությունները, դեղերի ցանկը, հիվանդանոց տեղափոխման ընթացքը և այլն:
«Ստանալով կանչը՝ առայժմ դիսպետչերների միջոցով փոխանցվում է պլանշետի վրա: Իհարկե, հաջորդիվ ունենալու ենք միանգամից փոխանցում: Գանգատները անմիջապես նշվելու են, կա նաև ձայնային մուտքի հնարավորություն, կա նաև էլեկտրասրտագրությունը նկարելու հնարավորություն:
Բոլոր ախտորոշումները, որոնք համաշխարհային միջազգային բժշկական դասակարգավորման մեջ կան, ներառված են, և շատ հեշտ և գրագետ ձևով կարող են ներմուծել»,- ասաց Դավիթ Կարապետյանը:
Բացի կանչի ընթացքի արձանագրումից՝ վճարովի ծառայության դեպքում պլանշետներով հնարավոր կլինի նաև քարտից գումար գանձել: