Մոսկվան ցավում է, որ Երևանը որդեգրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և Ղարաբաղի հարցում Մոսկվային և ՀԱՊԿ-ին մեղադրելու քաղաքականություն. դա դաշնակցի կեցվածք չէ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հերքել է Մոսկվայի հասցեին բոլոր մեղադրանքները:
Նրա խոսքով՝ Մոսկվան հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և դրանք նկատի կունենա սեփական քայլերը ծրագրելիս։ «Հայաստանում, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է կյանքը կառուցել ոչ թե մերձավոր հարևանների հետ համագործակցությամբ, այլ նրանց հետ, ովքեր դեմ են քո բարեկամներին»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի վերաբերյալ:
Լավրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ընդգծել՝ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել կարգավորմանը: Ռուս դիվանագետի խոսքով՝ Բաքվում հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ բոլոր հարցերը լուծել եռակողմ հայտարարություններին համապատասխան:
«Մենք ունենք հատուկ հանձնարարություններով դեսպան, որն աշխատել է և Երևանում, և Բաքվում։ Բոլորովին վերջերս նա կրկին եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ինչ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք այցին, ապա առայժմ Երևանի մեր գործընկերները չեն հաստատել այն, և դա իրականում արտացոլում է վերջին միտումը», - հայտարարել Է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանում քննարկում են «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարությունը։
«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա միանգամայն տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որով այժմ առաջնորդվում է Հայաստանի ղեկավարությունը՝ և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ Հայաստանի խորհրդարանի խոսնակը, և՛ այլ գործիչներ»,- ասել է Լավրովը: