Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը:
«Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կուզենամ ներկայացնել մեր մարզն ու պատմել Շիրակի մասին։ Հայաստանի ամենահյուսիսային, միևնույն ժամանակ հյուրասեր ու հումորով, հետաքրքիր մարզերից մեկն է Շիրակը։ Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, մեր քաղաքը մշակույթի մայրաքաղաք է համարվում։ Այն հիասքանչ ճարտարապետություն ունի, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, ինչպես նաև մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։ Մեր երկրները դարավոր բարեկամության ու գործընկերության ճանապարհ են անցել և այժմ էլ հայ-իրանական հարաբերություններն ընթանում են դինամիկ զարգացման ճանապարհով»,- ներկայացրել է նա։
Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ և անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է, երբ մարզային իշխանությունները հոգացավ են ու պատրաստակամ համագործակցելու և քննարկելու համատեղ ծրագրեր․ «Պարոն Մուրադյան, շատ ուրախ եմ հանդիպման համար, կարևոր է, երբ կա համագործակցության պատրաստակամություն։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մեր երկրները դարավոր բարեկամներ են և մենք պետք է ուժերի ներածին չափով անենք հնարավորը դրանց ամրապնդման նպատակով»։
Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել կրկին հանդիպելու՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու համար։
«Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կանի հնարավորը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործնական ծրագրեր նախանշելու, քննարկելու և իրականացնելու առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, բաց ենք քննարկումների ու երկխոսության համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ավարտին Մուշեղ Մուրադյանը հուշանվերներ է հանձնել պատվիրակության անդամներին։