Բաղրամյան համայնք կատարած այցի ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է գործարանի արտադրական հզորությանը և ծավալին: Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։
Տարիներ շարունակ չշահագործվող գործարանի շինարարությունը սկսվել էր դեռևս 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա ձուլակտոր, գործարանն այս պահին ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից:
Նախատեսվում է այս տարվա ընթացքում սկսել ամրանների և մետաղալարերի արտադրությունը: Գործարանի հզորությունը տարեկան կազմելու է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:
Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 400-ի։