Միջազգային հանրությունը դատապարտել է Իսրայելին` Գազայի հատվածում օգնության բեռների մոտ հավաքված պաղեստինցիների վրա կրակելու համար:
Հինգշաբթի առավոտյան մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը իսրայելական անցակետով մտել է Գազա։ 18-30 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը ձգվել է մի քանի հարյուր մետր: Մարդկանց ամբոխը շտապել է դեպի բեռնատարները՝ փորձելով վերցնել այն ամենը, ինչին կարող էին հասնել, գրում է BBC-ն։
Անցակետում գտնվող իսրայելցի զինվորները կրակ են բացել ամբոխի վրա՝ պատճառաբանելով, որ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել: Իսրայելի պաշտպանության բանակն էլ պնդում է, որ դա «զուսպ արձագանք» էր, ինչի հետևանքով զոհվել է 112 պաղեստինցի, վիրավորվել՝ 760-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայում տեղի ունեցածը, հիշեցրել, որ խաղաղ բնակիչները շտապ հումանիտար օգնության կարիք ունեն, և կրկին կոչ է արել անհապաղ մարդասիրական դադար հաստատել, ինչպես նաև ազատ արձակել բոլոր պատանդներին։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ Իսրայելի հարվածն անվանել է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մղձավանջ է անվանել Իսրայելի այդ հարձակումը Գազայի հատվածի բնակիչների վրա:
Իսրայելի հարվածը Գազայի հատվածում մարդասիրական ավտոշարասյունը շրջապատող ամբոխի վրա խիստ դատապարտել է նաև Մեքսիկայի կառավարությունը: Իսկ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Գազայի հատվածին Իսրայելի հարվածները, որոնց զոհ են դարձել հազարավոր խաղաղ բնակիչներ, համեմատել է Հոլոքոստի հետ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել, որ միջադեպը կբարդացնի ԱՄՆ-ի և այլ միջնորդների ջանքերը՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմում ժամանակավոր հրադադարի հասնելու համար։
Ի դեպ, ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա կրակելու մասին հայտարարությունը։
Ամերիկյան կողմը բացատրել է, որ Սպիտակ տունը դեռևս դիտարկում է Գազայի հատվածի իրադարձությունների երկու հակասական վարկածները, որոնք ներկայացրել են իսրայելական և պաղեստինյան կողմերը։