Մենք պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերականգնումը որպես այդպիսին, և սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին Մյունխենում, իսկ Բեռլինում ընթացան բանակցություններ արտգործնախարարների ձևաչափով, կարելի՞ է արձանագրել, որ Գերմանիան միջնորդի դերում է: Եթե՝ ոչ, ապա կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն է համաձայն երկկողմ բանակցությունների, իսկ Գերմանիան այս դեպքում ոչ թե միջնորդ է, այլ հարթակ այս բանակցությունների համար:
«Հանդիպումները շարունակվում են, և դա շատ կարևոր նշան է»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը:
Ճշտող հարցին՝ ի վերջո, հայկական կողմը երկխոսո՞ւմ է, թե՞ միջնորդի միջոցով բանակցում, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ արդյունավետ են համարվում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները:
«Մենք արդյունավետ ենք համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները, և այս իմաստով Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները, և, բնականաբար, մենք ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են, և մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները, և ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումները, որոնք տանում են խաղաղության մեր տարածաշրջանում»,- ասաց նա: