Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական համաժողովի պանելային քննարկման ժամանակ արձագանքել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պնդումներին:
Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն, ասել է Ռուբինյանը:
«ՀՀ-ի դիրքորոշումը Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է «Խաղաղության խաչմերուկում»։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- նշել է Ռուբինյանը:
Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին և նշել, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա: