ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպասում է, որ հունիսին Իտալիայում սպասվող G7-ի գագաթնաժողովին անդամ երկրները որոշում կկայացնեն ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարը ակնկալում է օգտագործել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները՝ ուկրաինական բյուջեն ֆինանսավորելու, իսկ հետո նաև՝ Ուկրաինայի վերականգնման համար։ Ընդ որում՝ Բայդենը չի համարում, որ այդ նպատակների համար սառեցված միջոցների օգտագործումը կնշանակի Ուկրաինային լրացուցիչ օգնությունից հրաժարում:
Ինչպես նշում է Bloomberg-ը, ԱՄՆ-ից բացի, G7-ում Մեծ Բրիտանիայի և Կանադայի ներկայացուցիչները նույնպես կարծում են, որ ռուսական սառեցված միջոցները պետք է բռնագրավել։ Սակայն Ֆրանսիան և Գերմանիան դեմ են այդ միջոցին։ Նրանք վախենում են Ռուսաստանի պատասխան քայլերից և եվրոպական տնտեսության ֆինանսական կայունության, այդ թվում՝ եվրոյի՝ որպես պահուստային արժույթի կարգավիճակի վրա բացասական ազդեցությունից, նշում է պարբերականը։ Այս հարցը նախատեսված է լուծել հունիսին կայանալիք գագաթնաժողովում։
Միևնույն ժամանակ, G7-ի բոլոր երկրների պաշտոնյաները համակարծիք են, որ սառեցված ակտիվները պետք է անմատչելի մնան Ռուսաստանի համար, եթե Մոսկվան «չխոստանա օգնել Ուկրաինայի վերականգնմանը»: