Փետրվարի 20-ին կայացել է Համայնքային ոստիկանության հայեցակարգին նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը (առցանց ձևաչափով), ԵԱՀԿ ոստիկանության հարցերով/համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Նինա Լինդհե Թելը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ ներկայացուցիչներ, ՆԳ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել է Համայնքային ոստիկանության հայեցակարգը և գործողությունների ծրագիրը:
Հայեցակարգը մշակվել է ԵԱՀԿ-ի կողմից՝ ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ:
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին և ԵՄ-ին՝ հանդիպում-քննարկման կազմակերպման և ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Կարևորելով համայնքային ոստիկանության գործողությունների ծրագիրը՝ ՆԳ փոխնախարարը նշել է, որ այն ուրույն տեղ է ունենալու ոստիկանության 2024-2026 թթ. նոր ռազմավարության շրջանակներում, ապահովելու է համակարգված ու կազմակերպված մոտեցում, որով բարելավվելու է համայնքային ոստիկանության գործունեությունը:
Արփինե Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է նաև չորս հենասյունային ուղղություններով աշխատանքի կազմակերպումը և ընթացիկ զարգացումները՝ ընդգծելով այդ ուղղությունների փոխկապակցվածությունը և ոստիկանություն-համայնք սերտ գործընկերության ապահովումը։
Համայնքային ոստիկանության հայեցակարգի ու գործողությունների ծրագրի մանրամասներին են անդրադարձել ԵԱՀԿ փորձագետներն ու ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը:
Նշվել է, որ Համայնքային ոստիկանության հայեցակարգի հիման վրա մշակվել է գործողությունների ծրագիր, որը ծառայության արդիականացման և նախանշված նպատակների իրականացման ճանապարհային քարտեզ է՝ ուղղված համայնքային ոստիկանության գործունեության բարելավմանը։
Իր խոսքում ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը ընդգծել է, որ hամայնքային ոստիկանության վրա հիմնված մոտեցումները հիմնարար նշանակություն ունեն ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու և մարդկանց կարիքները սպասարկող պատասխանատու ծառայություն ապահովելու համար: Նա նշել է, որ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ ԵԱՀԿ-ն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ շուտով ձեռնամուխ կլինի համայնքային ոստիկանության համապարփակ վերապատրաստմանը՝ այս ոլորտում կարողությունների հետագա զարգացման համար։
Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջընթացը՝ Արմեն Մկրտչյանը գործառույթների շարքում ընդգծել է համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցության ապահովման հանգամանքը, ինչը թույլ կտա ամրապնդել քաղաքացի-համայնքային ոստիկան կապը, իրականացնել հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ավարտին հայեցակարգային փաստաթղթի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։