Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային մատչելիության պետական ծրագրի շրջանակում երեք եղանակով է աջակցությունը տրամադրվելու: Նախ՝ աջակցությունը կտրամադրվի բնակելի տուն կառուցելու համար, երկրորդ տարբերակը՝ բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար, և երրորդ տարբերակը՝ այն անձին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողանա ձեռք բերել կամ կառուցել իրենց տունը, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարանային պայմաններով: Այդ մասին Հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Ծրագրով նախատեսվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին տալ 3 միլիոն դրամ: Որոշակի բնակավայրերում՝ և՛ գյուղական, և՛ քաղաքային, հնարավոր կլինի ավելի շատ աջակցություն ստանալ պետությունից:
Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այժմ մշակվում է բնակավայրերի ցանկը, և առաջիկայում այն կհրապարակվի:
«10 տարի այնտեղ բնակվելուց հետո սեփականության իրավունքը կփոխանցվի նրանց: Այստեղ գործում է մի պայման, որ 10 տարվա ընթացքում այն անձինք, որոնք աշխատունակության տարիքում են, այսինքն՝ չափահաս անձինք, որոշակի գումարի վերադարձ պետք է կատարեն պետությանը, որից հետո եթե 10 տարվա ընթացքում այդ գումարն ամբողջությամբ վերադարձված լինի, ըստ ծրագրի պայմանի, ապա նրանք սեփականության իրավունքն ամբողջությամբ ձեռք կբերեն»,- ասաց նա՝ նշելով, որ բացառություն կլինեն անչափահաս երեխաները, որոնց մասով պետությունը հետվերադարձի պայման չի սահմանի:
Արտոնություններ կլինեն նաև կենսաթոշակառուների և սոցիալական որոշ խմբերի համար:
Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք կունենան ՀՀ քաղաքացիություն: