ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը:
Գերմանիայի տարբեր բուհերը ներկայացնող հիմնադրամի կրթաթոշակառուներին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նկատմամբ հետաքրքրության համար:
Նա ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարածաշրջանի անվտանգային խնդիրները` խոսելով նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:
Սարգիս Խանդանյանի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն և ջանք չի խնայում երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման ու ամրապնդման գործում:
Ուսանողները հարցեր են ուղղել Սարգիս Խանդանյանին, որոնք վերաբերել են ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը և այլ թեմաների: