Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական համաժողովի պանելային քննարկմանըԱդրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է պաշտոնական Բաքվի թեզը, թե ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի համար ավարտված է, և այն այլևս խնդիր չի համարվում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատումն է: Համաձայնելով Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, թե Մյունխենում երկու երկրների ղեկավարների հանդիպումը դրական նշան է, Հաջիևը պնդել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդների կարիք չկա, և կողմերն անմիջական շփումներով պետք է փորձեն հասնել համաձայնության: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը բոլոր ցավերի դարման չէ: Հաջիևը կրկին պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթներ, և երկրի Մայր օրենքը պետք է փոխել: Հաջիևը կրկին բողոքել է Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունից և հատարարել, թե Հայաստանը ռազմականացման ճանապարհն է բռնել:
Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Հաջիևի պնդումներին ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու իրավաբանական հարցերը Հայաստանի ներքին գործն են և կապված չեն միջազգային գործընթացների հետ:
«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Դրանք նշվել են համատեղ հայտարարություններում, որոնք ստորագրել են Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Սակայն դրանից անկախ, երկու կողմերի համար ամենալավ միջոցը հստակեցնելը և վստահ լինելն է, որ միմյանց նկատմամբ տարածքների տեսանկյունից ոչինչ չի ակնկալվում: Դա խաղաղության պայմանագրում ներառված է, և մնում է այն ստորագրել: Պայմանագրի նախագծում կա երկու դիրքորոշում: Դրանք անդրադառնում են հենց այդ հարցին: Դրանցից մեկում նշված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը, տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ չեն ներկայացնի ոչ հիմա, ոչ էլ ապագայում: Մյուս դիրքորոշման մեջ նշված է, որ պետությունները չպետք է խառնվեն միմյանց ներքին օրենսդրությանը՝ տվյալ պայմանագրի կետերը կատարելուց խուսափելու համար: Այդ պատճառով, կարծում եմ, որ լավագույն միջոցը համոզելու, որ տարածքների հարցով միմյանցից ոչինչ չենք ակնկալում և ապագայում էլ չենք ակնկալի, խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Պարոն Հաջիևն ասում է, որ դա հարցի լուծում չէ, և ոչ էլ այդքան դժվար է: Ես նրա հետ համաձայն եմ, այստեղ կան միջազգային օրենսդրության որոշակի բազային սկզբունքներ՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, հարգանք հակառակ կողմի օրենսդրության նկատմամբ, իրավահավասարություն և այլն: Սրանք միջազգային օրենսդրության հիմնարար սկզբունքներն են: Եվ եթե մենք դա ընդունում ենք, ամեն դեպքում ղեկավարների մակարդակով մենք արդեն հաստատել ենք այս հարցերի փոխըմբռնումը, մնում է կատարել տեխնիկական հարցերը: Ցավոք, մենք չենք տեսնում Ադրբեջանի շահագրգռվածությունն այդ հարցում, բայց հուսով ենք, դա կփոխվի»,- ասել է նա: