Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները: Այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:
«Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է միջնորդության խնդրին, ապա, պատգամավորի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ` շատ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտյան, թե՛ հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն:
«Կարծում եմ, որ, իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ՝ տեղում, մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի հատվածական դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,- նշեց Սեյրան Օհանյանը: