Ուրբաթ Իրանում սկսվել է Մեջլիսի՝ երկրի 290 տեղանոց խորհրդարանի ընտրությունը:
Ընտրելու իրավունք ունեն երկրի 87 միլիոն քաղաքացիներից ավելի քան 61 միլիոնը։ Ընտրողների քվեաթերթիկները հիմնականում հաշվում են ձեռքով, ուստի ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է տևել ընտրությունների օրվանից մինչև երեք օր:
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար։
Իրանի առաջնորդը հույս է հայտնել, որ ընտրություններին մասնակցությունը գերազանց կլինի։ Խամենեին հավելել է, որ ընտրությունները բոյկոտելու կոչ անող իրանցիները «պետք է մի փոքր երկար մտածեն»։
Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, այս հայտարարությունները հնչել են մտավախության ֆոնին, որ իրանցի ընտրողներն այս անգամ ընտրության նկատմամբ ոգևորություն չեն ցուցաբերի։
Ընտրությանը թույլատրվել է մասնակցել ռեկորդային թվով թեկնածու՝ ավելի քան 15000 մարդ, նրանցից 1700-ը կանայք են։
Իրանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանում հինգ տեղ հատկացված է կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ավանդաբար այդ հինգ տեղից երկուսը զբաղեցնում են հայ համայնքի ներկայացուցիչները:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր թեկնածու պետք է հաստատման ընթացակարգ անցնի Նպատակահարմարության խորհրդում՝ այաթոլլա Խամենեիի հսկողության տակ գտնվող 12-տեղանոց խորհրդակցական մարմնում:
Մարտի 1-ին անցկացվում է նաև նաև Իրանի ղեկավարի խորհրդատվական մարմնի՝ Փորձագետների խորհրդի ընտրությունը։ Խորհրդի 88 տեղի համար կպայքարի 144 թեկնածու։ Նպատակահարմարության խորհուրդը նրանց ընտրել է ընտրությանը մասնակցելու համար գրանցված 510 դիմորդներից։