Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցը, որում նշվել է, որ 2023 թվականին աշխարհում ազատությունը 18-րդ տարին անընդմեջ անկում է ապրել։ Աշխարհի 52 երկրում քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները ոտնահարվել են, և միայն 21 երկիր է բարելավում արձանագրել:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում նախորդ տարի ստեղծված իրավիճակին: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը մեկ տարվա ընթացքում ազատության ամենամեծ անկումն է ապրել «ադրբեջանական ռեժիմի կողմից շրջափակման, զինված հարձակման և էթնիկ զտման հետևանքով»:
«Լեռնային Ղարաբաղը մեկ տարվա ընթացքում վարկանիշի ամենակտրուկ անկումն է գրանցել՝ կորցնելով 40 միավոր, երբ դրա գրեթե ամբողջ բնակչությունը՝ 120 000 էթնիկ հայ, ստիպված եղավ փախչել Ադրբեջանի զինված ուժերի ուժեղ ճնշման ներքո: Արդյունքում նախկինում «մասնակի ազատ» համարվող տարածաշրջանը դասվեց «ոչ ազատների» շարքին»,- նշված է զեկույցում:
Փաստաթղթում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի գրավումը բարձրացրել է երկրում Ալիևի վարկանիշը, «որը ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին հորից ժառանգելու պահից»: Զեկույցի համաձայն՝ մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է լայնածավալ ներխուժում սկսել Հայաստան, որի սահմաններն արդեն խախտել է:
Զեկույցում ընդգծվել է նաև, որ 1990-ականներից ի վեր Ադրբեջանի կառավարությունը խտրական քաղաքականություն է վարել էթնիկ հայերի նկատմամբ՝ սահմանափակելով նրանց մուտքը երկիր, իսկ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները տեղի են ունեցել Ադրբեջանում ավտորիտարիզմի էլ ավելի խորացման ֆոնին:
Զեկույցի Հայաստանի բաժնում նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո Ռուսաստանը փորձել է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանի կառավարության վրա: Սակայն Հայաստանը դիվերսիֆիկացնում է անվտանգության ոլորտում իրենց միջազգային գործընկերային հարաբերությունները:
Հայաստանը զեկույցում 100 հնարավորից ստացել է 54 միավոր և դասվել է «մասնակի ազատ» երկրների շարքին: Վրաստանը 58 միավորով ևս համարվել է «մասնակի ազատ» երկիր:
Թուրքիան՝ 33, Ռուսաստանը՝ 13, Իրանը՝ 11, և Ադրբեջանը՝ 7 միավորով դասվել են «ոչ ազատ» երկրների շարքին: Լեռնային Ղարաբաղը ստացել է -3 միավոր: