Վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է, ինչպես, օրինակ, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով. դա փաստ է, դա իմ հնարածը չէ: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ ԱԺ խոսնակը պատերազմի հարցում Ադրբեջան-Ռուսաստան պայմանավորվածության մասի՞ն է ակնարկում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի բացառում, որ նման պայմանավորվածություն է գոյություն ունեցել, քանի որ երբ փաստերը համադրում ես, հասկանում ես, որ ամբողջը փոխկապակցված է:
«Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել ռուս-թուրքական բախումը: Սիրիայում, հիշո՞ւմ եք, ինքնաթիռ խփեցին, լարվածություն եղավ, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան, փորձ կատարվեց այս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի վրա, բայց պլանները խախտվեցին: Թուրքիան ներս մտավ: Չեմ բացառում, որ Թուրքիայի հետ է եղել այդ պայմանավորվածությունը»,- ասաց նա՝ նշելով, որ չպետք է որևէ մեկը զարմանա, որ Հայաստանը փորձում է իր անկախությունը պահպանել:
«Այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվենք միութենական պետությանը»,- ասաց նա և հավելեց, որ հայ ժողովուրդը 2021 թվականին աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ գուցե չգիտակցելով կամ ինչ-որ տեղ գիտակցելով:
Հարցին ի պատասխան՝ ո՞րն էր այդ աշխարհաքաղաքական պլանը, Ալեն Սիմոնյանը նշեց. «Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ. սա է մեծ պլանը»: