Ազգային ժողովն առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց լիագումար նիստի ընթացքում քննարկված մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էին «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագծում կատարվող առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում, «ուղեղի մահ» հասկացությունից բացի, ամրագրել նաև «կենսաբանական մահ» հասկացությունը: Փոփոխությունների շրջանակում վերանայվել են նաև կենդանի դոնորության շրջանի սահմանափակումները: Ըստ այդմ՝ անձի 65 տարին լրանալը կամ հաշմանդամություն ունենալն այլևս արգելք չի լինի կենդանի դոնոր լինելու համար:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվերակեց 67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 30: Քանի որ սա սահմանադրական օրենք է, այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով:
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին:
Գործող կարգավորմամբ դատավորների կենսաթոշակի չափը կհաշվարկվի մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտական համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության և մասնագիտական գիտելիքների թեստերը: Ատեստավորման դրական արդյունքների դեպքում նախատեսվում են վճարվող հավելումներ: