Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում մենք ունեցել ենք այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհետև եթե 2023 թվականը հանենք, որտեղ այնտեղ քվոտայի խնդիր է եղել, մինչև 2022-ը կտեսնեք, որ շաքարի շուկայում մասնաբաժնի էական փոփոխություն է եղել: Իքս տնտեսվարողը փորձում էր դեմպինգ իրականացնել, ինչի համար ունենք արդեն կայացված որոշում: Այս մասին ԱԺ-ում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին, որը վերաբերում էր դեմպինգին և շաքարի շուկայում տիրող իրավիճակին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց վառելիքի թերլիցքավորման մասին, ինչին ի պատասխան՝ Գևորգյանը նշեց՝ թերլիցքավորում-որակ հարցերն ավելի շատ տեսչական մարմինների տիրույթում են, սակայն նկատեց՝ պետք է այնպիսի կարգավորումներ, ստանդարտներ մշակել, որ սպառողը կարողանա պաշտպանված զգալ իրեն:
«Իհարկե, տնտեսվարողներն անընդհատ փորձելու են հօգուտ իրենց գործողություններ կատարել: Մեր խնդիրն այնպիսի միջավայր ստեղծելն է, որ դրա հնարավորությունը հնարավորինս նվազ լինի»,- ասաց ՄՊՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն:
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու է Հայաստանում բենզինը ԵԱՏՄ երկրների համեմատությամբ թանկ, ՄՊՀ նախագահի թեկնածուն պարզաբանեց՝ Ռուսաստանում, Բելառուսում բենզինն էժան է, որովհետև ունեն ներքին շուկայի սուբսիդավորում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ուզում եք ունենալ, օրինակ, 500 դրամանոց ապրանքը, լինի դա բենզին թե շաքար, 200 դրամով, ձեր հարկերից պետությունը պետք է տա սուբսիդավորման, որը աշխարհի ամենալավ բանը չէ, և մենք դա չենք խրախուսում»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:
Իսկ թե ինչու է բենզինի գինը տատանվում, նշեց՝ պատճառն այն է, որ ՄՊՀ-ն գործ է հարուցել դեմպինգի համար, որովհետև այդ ժամանակ ՌԴ-ում բենզինն ավելի թանկ էր վաճառվում, քան Հայաստանում:
«Բենզինի քանակը Հայաստանում ընդամենը 250 հազար տոննա է, և անկեղծ՝ վերաբերում է շատ ավելի սահմանափակ թվով քաղաքացիների, քան դրա մասին անընդհատ խոսում ենք: Այս պահին ունենք բենզինի հետ կապված ընթացիկ գործ, կարծում եմ՝ մեկ ամսից կավարտվի, և արդյունքները կտեսնեք: Շուտով կհրապարակենք բենզինի գնագոյացման մեխանիզմը, արդեն տնտեսվարողների հետ ունենք համաձայնություն, որովհետև կա առևտրային գաղտնիքի կոմպոնենտ»,- ասաց նա:
«Իհարկե, տնտեսվարողներն անընդհատ փորձելու են հօգուտ իրենց գործողություններ կատարել: Մեր խնդիրն այնպիսի միջավայր ստեղծելն է, որ դրա հնարավորությունը հնարավորինս նվազ լինի»,- ասաց ՄՊՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն: