2020 թվին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր են ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծեն։ Իրավիճակով պայմանավորված՝ այո, այդպես է եղել, բայց հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի. ով ինչ մանդատ ունի և որտեղ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահների մասին հարցին։
«Նաև Գորիսում է տեղակայում եղել, որը պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ ուսումնասիրությունները կկատարվեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի հետ համատեղ։ «Կուսումնասիրվեն բոլոր իրավական խնդիրները. ով ինչ պարտավորություն ունի և որտեղ կարող է լինել, և որտեղ է ավարտվում այդ ամենը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ռուսաստանի սահմանապահ զորքերը Ներքին Հանդում ի՞նչ մանդատով են կանգնած, ասել էր, որ ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն։